Դյուժարիկն անհիմն է համարում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի դեմ լրտեսության մեղադրանքները

Դյուժարիկն անհիմն է համարում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի դեմ լրտեսության մեղադրանքները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ ուղղված մեղադրանքներն առ այն, թե նա լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Միացյալ Թագավորության, անհիմն է համարում: Հարցին Դյուժարիկն անդրադարձել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, ես ամբողջովին պաշտպանում եմ նրան: Ձեզ կարող եմ ասել այն, ինչ ինձ փոխանցել են «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի իմ գործընկերները. «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնության են եկել, որ Մարիան Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ և այլ նշանակում կստանա»,- ասել է Դյուժարիկը:

Նա ընդգծել է, որ Մարիան Քլարկ-Հաթինգը բարձր որակավորում ունեցող, փորձառու մասնագետ է, ով նախկինում աշխատել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կենտրոնակայանում, կազմակերպության ներկայացուցիչն է եղել Մալազիայում, այլ պաշտոններ է զբաղեցրել Սոմալիում, Գվիենայում, Բենինում և Մադագասկարում:

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ը 1993 թվականից աշխատել է Հայաստանի երեխաների համար և սերտ ու արդյունավետ համագործակցության մեջ է եղել կառավարության հետ»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth