Մեծացնում է լավատեսությունը. գերիների հարցը

Մեծացնում է լավատեսությունը. գերիների հարցը

ՀՀ կառավարության հերթական նիստում Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն անդրադարձել է նաև գերիների վերադարձի հարցին և նշել. «Դուք գիտեք, որ մեզ համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը՝ գերեվարված անձանց, ռազմագերիներին պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու չի կատարում, և կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց: Ուզում եմ ընդգծել, որ երեկ Եվրամիությունն ուշ երեկոյան շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ և շատ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից: Սա շատ կարևոր արձանագրում է: Ընդ որում, կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչն, ըստ էության, քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ, որը տվյալ պարագայում չափազանց կարևոր է: Այս իմաստով ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»:

wp-apeth