Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասել է 2 հազարի. Լավրով

Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասել է 2 հազարի. Լավրով

Ռուսաստանը կոչ է անում արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվն արդեն մոտենում է 2 հազարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է   Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները ՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի։ Այս թեման, մասնավորապես, շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը», – ասել է Լավրովը:

«Համանախագահների եռյակն է հանդիսանում միջնորդության համընդհանուր ճանաչում ունեցող ձևաչափը, որի նպատակն է հաղթահարել այդ վաղեմի հակամարտությունը: Այդ կապակցությամբ` Մոսկվայում ադրբեջանցի և հայ գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Մոսկվայում վերաբերվում Ղարաբաղի հարցով նոր բանակցային ձևաչափի ստեղծման գաղափարին, որին կմասնակցեն Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, հանդես է գալիս այն գաղափարի օգտին, որ կարելի է աշխատել բոլոր գործընկերների, այդ թվում` հակամարտող կողմերի հարևանների հետ, որոնք հնարավորություն ունեն ազդելու և պայմաններ ստեղծելու կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծման հասնելու համար, որոնք եռանախագահներն առաջ են քաշում Բաքվի և Երևանի հետ շփումներում:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ  Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ միմյանց հետ համագործակցել ռազմավարական տեսլականով:

Լավրովի խոսքով ՝ ռուս եւ թուրք դիվանագետների, զինվորականների եւ հատուկ ծառայությունների գործնական եւ առարկայական փոխգործակցության  ակնառու օրինակներ են Սիրիան և Լիբիան:

«Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ ասել եմ նախորդ հարցերի պատասխաններում: Կրկնեմ ՝ երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին, ձգտում ենք մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը», – նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը ընդգծել է, որ ինչպես հակամարտության կողմերին, այնպես էլ նրանց արտաքին գործընկերներին կարեւոր է անշեղորեն հարգել հրադադարի, վերահսկողական մեխանիզմի ստեղծման եւ կոնկրետ ժամանակացույցով բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսման մասին պայմանավորվածություններ:

«Ու թեեւ կայուն զինադադարի հասնել միանգամից չի հաջողվել, մենք կշարունակենք օգտագործել տարածաշրջանում մեր ունեցած բոլոր ազդեցությունը, կաշխատենք թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնենք ռազմական սցենարի հետագա զարգացումը, երկխոսություն հաստատվի կողմերի միջև,  Բաքվին ու Երեւանին համոզենք նստել բանակցությունների սեղանի շուրջ», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

wp-apeth