Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել

Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել

Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին»,- նշված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին լուրը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ նովոստին»:

Նշվում է, որ ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարվել է Հայաստանում՝ Երասխ բնասկավայրի մոտ, ուղղաթիռը ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության:

«Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24  ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատարությունը ճշտում է, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ:

20:56. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում նշել է, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում: Ստեփանյանի խոսքով՝ հայկական կողմը տեղեկատվական և փորձագիտական բոլոր ռեսուրսներով կհամագործակցի ողբերգության հանգամանքները պարզելու նպատակով:

 

wp-apeth