Արմեն Սարգսյանն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են համագործակցության սերտացման հարցեր

Արմեն Սարգսյանն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են համագործակցության սերտացման հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև (մի քանի ժամյա) աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ:

Աբու Դաբիում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանը։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է նախագահ Սարգսյանի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հաղորդելով ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի բարեմաղթանքները․ ԱՄԷ նախագահն առաջընթաց և բարգավաճում է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը ԱՄԷ աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված զինադադարին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին՝ աջակցության խոսքերի և երկու երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների առավել զարգացման շարունակական պատրաստակամության ու գործնական քայլերի համար։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ԱՄԷ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության և օժանդակության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ու փոխշահավետ համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր՝ որպես զարգացման հիմնական ուղղություններ կարևորելով հատկապես տնտեսության և ներդրումների ոլորտները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

wp-apeth