Այս իրավիճակում շատ կարևոր է չկորցնել սառը, սթափ դատողությունը. Արսեն Թորոսյանի ուղերձը

Այս իրավիճակում շատ կարևոր է չկորցնել սառը, սթափ դատողությունը. Արսեն Թորոսյանի ուղերձը

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը:

«Սիրելի հայրենակիցներ, վերջին երկու ամիսների ընթացքում մենք ապրել ենք թերևս մեր կյանքի ամենաբարդ օրերը: Հիմա, երբ գտնվում ենք հետպատերազմյան վիճակում` ցավն ավելի հաճախ է հիշեցնում իր գոյության մասին: Պատերազմը շատ խորը և ցավագին հետևանքներ է թողել բոլորիս և հատկապես իրենց որդիներին կորցրած հայրերի և մայրերի վրա: Բայց, այնուամենայնիվ, այս իրավիճակում շատ կարևոր է չկորցնել սառը, սթափ դատողությունը և պահն օգտագործել վերաիմաստավորելու մեր արժեքները:

Նախ, ուզում եմ դատապարտել բռնության բոլոր դրսևորումները. այն չի եղել ու երբեք չի լինի մեր քաղաքական օրակարգում: Բայց, ցավոք, մենք ինքներս չկարողացանք անմասն մնալ դրանից:
Դատապարտում եմ կառավարության, Ազգային ժողովի շենքերի վրա կատարած հարձակումները, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները, ինչպես նաև հաշվեհարդար տեսնելու բոլոր կոչերը: Այս երևույթները երբեք ու երբեք չպիտի ամրապնդվեն և արմատանան մեր երկրում:
Մենք` հայերս, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում միշտ աչքի ենք ընկել մեր միասնականությամբ և մեկս մյուսին օգնելու պատրաստակամությամբ:
Սիրելի ժողովուրդ, այո ՛, մենք դեռ շատ մեծ վերքեր ունենք, որոնք կբուժվեն միայն, եթե բոլորս համախմբվենք` ի շահ մեր երկրի բարօրության և կայուն ապագայի: Մենք դեռ ունենալու ենք խաղաղ երկինքներ, եթե հենց այս պահին բաց թողնենք բոլոր բացասական լիցքերը, որոնցով հիմա շրջապատված ենք: Բոլորս պիտի համախմբվենք և միասին բուժենք մեր վերքերը»,- նշված է ուղերձում:
wp-apeth