Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են. Լավրով

Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը, նշում, որ դա ընդգծվել է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներում: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Լավրովն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ռուսական պատվիրակության այցին, ՀՀ ղեկավարության հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ համապարփակ քննարկումներ են ունեցել, կարևորը՝ խոսել են հարցերի մասին, որոնք կապված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ճշգրիտ և ամբողջական կատարումն ապահովելու, խաղաղապահ գործունեության իրագործումն ապահովելու, քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին:

«Բոլորի կողմից ընդունվեց, որ այս հայտարարությունը միակ միջոցն է՝ իրավիճակի կարգավորման, որը մի քանի շաբաթ առաջ շատ սուր բնույթ ուներ: Ընդգծվեց, որ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում այդ հայտարարությունը կասկածի տակ դնելու բոլոր փորձերն անընդունելի են: Եվ մենք հաստատեցինք մեր վճռականությունը՝ անել ամեն ինչ, որ հայտարարությունը շարունակի գործել: Հայաստանի ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, որոնց հետ հանդիպել ենք, ընդգծեցին, որ այդ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, օգնել է փրկել կյանքեր, և նրանք հավատարիմ են պայմանագրի հետագա իրագործմանը»,-ասաց Լավրովը:

Նրա խոսքով՝ բարձր է գնահատվել նաև ռուս խաղաղապահների աշխատանքը և Ռուսաստանի նախագահի` մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու մասին հրամանագիրը, խոսել են նաև ընթացիկ երկկողմ հարցերի մասին:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա մշակութային կոթողների պահպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ավելի ակտիվ կլինի, քան եղել է Սիրիայի Հալեպ և Պալմիրա քաղաքներում: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասաց Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես երեկ մանրամասն զրուցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Ազուլեի հետ՝ առաջարկելով ավելի ակտիվ զբաղվել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակութային, քաղաքակրթական կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ, ինչը շատ կարևոր ներդրում կլիներ ազգամիջյան հաշտության և այդ հինավուրց տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել մեծ ակտիվություն կցուցաբերի, քան դա տեղի է ունեցել Սիրիայում` առաջին հերթին Հալեպում և Պալմիրայում մշակութային կոթողների պահպանման հարցում: Ուղիղ ասենք, որ այնտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր գործընկերները ոչ այնքան ակտիվ առաջարկեցին իրենց ծառայությունները»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշեց, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման համար անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ու կառույցների աջակցությունը:

«Այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Մենք հետաքրքրված ենք նրանում, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն նաև ՄԱԿ-ի համակարգերը: Դրա առնչությամբ ստացել ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիմումը: Կա նույնատիպ դիմում նաև Փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի կողմից»,- նշեց Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք նաև ընթացիկ երկկողմ աշխատանքների մասին: Այդ թվում` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ավարտից հետո առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 20-րդ նիստի, Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջտարածաշրջանային համաժողովի և այլ միջոցառումների անցկացման մասին, այդ թվում` խորհրդարանական և առանձին գերատեսչությունների ուղղություններով»,- ասաց Լավրովը:

wp-apeth