Նախատեսվում է տարեկան հիմնել 500 հա ինտենսիվ այգի

Նախատեսվում է տարեկան հիմնել 500 հա ինտենսիվ այգի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել  է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի կադրերին,  2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման վիճակագրությանը:

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թթ. ծրագիրը: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, բարձրացնել ճյուղի ինտենսիվացման մակարդակը, արդյունավետ օգտագործել հողային և ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի, ինչպես նաև ոչ ավանդական բարձր ավելացված արժեք ձևավորող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները և արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։ Ծրագրում միավորվել են ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության, ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման և Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերը: Ավելացվել է ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման և ջրավազանների կառուցման համար անհրաժեշտ մատչելի ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման հնարավորությունը: Ճշգրտվել են նաև 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, սահմանվել են ծրագրի շրջանակում թույլատրելի տարածքների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, հստակեցվել է ծրագրի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը։ Ծրագրի նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ջրավազանների կառուցման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Ծրագրով նախատեսվում է տարեկան հիմնել 500 հա ինտենսիվ այգի, որի համար ներդրումների միջին չափը գնահատվում է շուրջ 15 մլրդ դրամ (1 հա այգեհիմնման ծախսը կարկտապաշտպան ցանցով միջինը կազմում է 29,8 մլն դրամ)։ Արդյունքում ՀՀ-ում արտադրվող պտղի և հատապտղի ծավալները տարեկան կավելանան շուրջ 11,5 հազար տոննայով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և հատապտուղների արտադրությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի շուրջ 60․5 հազար տնտեսավարողներ, ընդ որում մեկ տնտեսության բաժին է ընկնում 0.1 – 200 հա։ Այգետարածքների մասնատվածության և փոքր չափերի պատճառով ցածր է մշակության աշխատանքների արդյունավետությունը, որի արդյունքում էլ բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը: ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում 2020 թ.-ին 53 տնտեսավարողի կողմից հիմնվել է 518.6 հա ինտենսիվ այգի, ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2 տնտեսավարողի կողմից կարկտապաշտպան ցանց է ներդրվել 14.5 հա-ի վրա, իսկ Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերի շրջանակում 14 տնտեսավարողի կողմից ոռոգման արդիական համակարգ է ներդրվել 239.4 հա-ի վրա։

wp-apeth